ԱՄԷ-ն դեպի Մարս կուղարկի իր առաջին տիեզերական զոնդը․ մեկնարկը՝ հուլիսի 17․ 2020 (ֆոտո)

Spread the love

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի  ժամանակավոր  հավատարմատար Ահլամ ալ Սալամիի բացառիկ հարցազրույցը Գիտություն և Տեխնոլոգիա կայքի հետ՝ Մարս մոլորակն ուսումնասիրելու համար Էմիրաթական առաջին տիեզերական ճամփորդության վերաբերյալ

Վերջին տասնամյակներում ԱՄԷ-ն նորանոր հաջողություններ է գրանցում  տարբեր ոլորտներում, իսկ վերջին տարիներին նկատելի է կառավարության ուշադրությունը տեխնոլոգիաների և տիեզերագիտության զարգացման նկատմամբ։  Որո՞նք են Էմիրությունների վերջին զարգացումները այս ոլորտում։

Ահլամ ալ Սալամի ․ ԱՄԷ-ն ամենայն վճռականությամբ ձեռնամուխ է եղել իրականացնելու իր տեսլականը, այն է՝ տիեզերագիտության ոլորտում դառնալ առաջատար երկիր 2021թ-ին ընդառաջ։ Էմիրությունների տիեզերագիտական գործակալության կողմից նախաձեռնվող առաքելությունները կնպաստեն տիեզերագիտական նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացմանը, որի շնորհիվ ԱՄԷ-ն կարևոր դերը կամրապնդի տիեզերագիտության մրցակցության բնագավառում, ինչպես նաև կնպաստի միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ էմիրաթական կադրեր պատրաստել և իրականացնել այն, ինչ մարդկությունը մինչ օրս չի կարողացել իրականացնել։ ԱՄԷ-ն հավատարիմ է իր որդեգրած ռազմավարությանը՝ անհնարին ոչինչ չկա։ 

Հայտնի է, որ ԱՄԷ-ն Մարս մոլորակը բացահայտելու համար նախատեսում է տիեզերական առաքելություն ուղարկել, խնդրում եմ, խոսեք այդ առաքելության մասին։ Ի՞նչ է իրենից ներկայացնում և ե՞րբ է նախատեսվում իրականացնել։

Ահլամ ալ Սալամի․ Էմիրությունները ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի հրամանագրով պաշտոնապես միացել է  տիեզերքը բացահայտելու համաշխարհային մրցակցությանը։ Էմիրությունների տիեզերական գործակալության ստեղծումից հետո մեկնարկել է արաբական և իսլամական առաջին տիեզերական զոնդ Մարս մոլորակ ուղարկելու նախագծի   աշխատանքները։ Այդ առաքելությունն անվանվել է Հույսի առաքելություն  (HOPE MARS MISSION): Այս նախագծով Էմիրությունները ինը երկրներից մեկն է դառնում, որին հաջողվել է առաքելություն ուղարկել այս մոլորակ։ Տիեզերական Հույսի առաքելության մեկնարկը կտրվի մի քանի օրից Ճապոնիայում գտնվող տիեզերագնացության կայանից։ Կոչ եմ անում հայ հասարակությանը հետևել պատմական այս իրադարձությանը հուլիսի 17-ին կեսգիշերն անց, ժամը 12։43 ուղիղ հեռարձակման միջոցով։ https://www.emiratesmarsmission.ae/live/ ։ Նախատեսվում է, որ առաքելությունը կժամանի Մարս մոլորակ 2021թ․-ին և կհամընկնի ԱՄԷ հիմնադրման 50-ամյակի հետ։ Եվ հատկանշական է, որ Հույսի արբանյակն ստեղծվել է  էմիրաթցի ինժեներների և տիեզերագետների կողմից միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։

Իսկ այս նախագիծն ի՞նչ նպատակներ և նկրտումներ ունի։

Ահլամ ալ Սալամի․ Մարսը բացահայտելու համար ուղարկվող առաքելության նպատակն է հստակ և համապարփակ պատկերացում կազմել Մարս մոլորակի կլիմայի մասին, գտնել նախկինում ուղարկված առաքելությունների կողմից չբացահայտված հարցերի պատասխանները, ուսումնասիրել մարսի մթնոլորտի վերին շերտի քայքայման պատճառները` հետևելով ջրածնի և թթվածնի ատոմների ելքի վարքագծին և ուղին, ներկայացնել, թե օրվա ընթացքում ինչպես է փոփոխվում մթնոլորտը, դիտարկելով Մարսի մակերևույթին մթնոլորտային երևույթները, ինչպիսիք են փոթորիկները, ջերմաստիճանի փոփոխությունները։

Ի՞նչ ակնկալիքներ կան նախագիծը ավարտելուց հետո, ինչպե՞ս կարող է այս նախագիծը նպաստել ոլորտի հետագա զարգացմանը։

Ահլամ ալ Սալամի․ Նախագիծն ավարտին հասցնելուց հետո Էմիրությունները տիեզերագիտության տեխնոլոգիաների ոլորտում կունենա բարձր որակավորում և փորձ ունեցող մասնագետներ, ինչի շնորհիվ կզարգացնի տիեզերագիտության ոլորտում հետազոտությունները և ուսումնասիրությունները։ Ինչպես նաև կնպաստի գիտելիքի հիման վրա կայուն տնտեսության ստեղծմանը, կխրախուսի նորարարությունը և, ի վերջո, կամրապնդի Էմիրությունների դերը տիեզերագիտության ոլորտում։ Ակնկալվում է, որ Հույսի առաքելությունը Մարս մոլորակի կլիմայի վերաբերյալ իր առաջին դասընթացը կներկայացնի 2021թ-ին մոլորակ ժամանելուց հետո։ Նախատեսվում է մարսյան մեկ տարի անցկացնել մոլորակի վրա և գտնել գիտական հարցերի պատասխանները։

Որո՞նք են տիեզերագիտության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված էմիրաթական հաստատությունները։

Ահլամ ալ Սալամի․ Առաջինը՝ 2014թ․ ստեղծված Էմիրությունների Տիեզերագիտության գործակալությունն է, որը ներառում է տիեզերագիտության հետ կապված բոլոր ծրագրերն ու նախագծերը։ Գործակալությունը ֆինանսական և վարչական առումով անկախ հաստատություն է, որը իրավական առումով լիովին կարող է իրականացնել իր առջև դրված նպատակները, իսկ երկրորդ կարևոր հաստատությունը 2015թ․ հիմնված  Մուհամմադ բին Ռաշիդի անվան տիեզերագիտության կենտրոնն է, որը գիտական նորարարություններին և տեխնիկական առաջընթացին ուղղված ռազմավարական  նախաձեռնության մի գլխավոր մասն է, որը մշտապես ուղորդում է Արաբական Միացյալ Էմիրությունները դեպի նորանոր ձեռքբերումներ։ Հենց այս կենտրոնն է իրականացնում Հույսի առաքելության նախագիծը՝ մարմնավորելով տիեզերագիտության ոլորտում արաբական աշխարհի հույսերն ու երազանքները։

Related posts

Leave a Comment