Այցելուներն ամեն օր Կոմիտաս վարդապետին յուրովի բացահայտելու հնարավորություն ունեն․Նունե Ամիրխանյան

Spread the love

Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Կոմիտասի թանգարան-ինստիտուտը  ներկայանում է հետաքրքիր ու տարբեր առցանց ծրագրերով, որոնց մասին PressRoom-ին մանրամասներ է հայտնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտացուցադրական բաժնի աշխատակից Նունե Ամիրխանյանը։

-Կորոնավիրուսի համաճարակը մարտահրավեր ու նաև որոշակի առումով հնարավորություն դարձավ նաև թանգարանների համար, ինչպե՞ս կազմակերպեցիք առցանց աշխատանքները։

-Այս ընթացքում ունեցել ենք առցանց համերգներ, դասախոսություններ, կրթական ծրագրեր, վիրտուալ շրջայց: Մայիսի 18-ին` «Թանգարանների միջազգային օրը», հայտարարվել էր էսսեների մրցույթ` «Իմ առաջին այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» թեմայով: Հունիսի 18-ին ամփոփվեց մրցույթի արդյունքները. լավագույն աշխատանքները ներկայացվում են թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

«Թանգարանների միջազգային օրը» սկսվեց նաև ընթերցանությունների շարք, որ շարունակվում է մինչ օրս:

-Կմանրամասնեք, ի՞նչ շարք է և ովքե՞ր են այն ներկայացնում։

-Շարքը եռամաս է. առաջին մասը ներկայացնում էր Կոմիտասի նամակների ընթերցանությունը:

Կոմիտաս վարդապետը շփման լայն շրջանակ ուներ, որ ներառում էր իր ժամանակի ինչպես հայ, այնպես էլ եվրոպական գիտության ու մշակույթի երևելի գործիչներին: Կոմիտասը նրանց հետ հաճախ շփվում էր նամակագրության միջոցով: Պահմանվել են վարդապետի բազմաթիվ նամակներ: Դրանցից երկուսը ներառված են թանգարանի մշտական ցուցադրության մեջ և շատ սիրված են այցելուների կողմից:

Քանի որ նամակները հարուստ տեղեկություններ են պարունակում Կոմիտասի կյանքի և գործունեության վերաբերյալ, թանգարան-ինստիտուտը նախաձեռնց նամակերի ընթերցանություն:

Այն իրականացվում է թանգարանի աշխատակիցների կողմից: Ներկայացվում են թանգարան-ինստիտուտի սոցիալական կայքերում` կարճ վիդեոհոլովակների տեսքով:

Երկրորդ մասը ներկայացնում է Կոմիտասի ուսումնասիրություններն ու հոդվածները:

Կոմիտասը, բացի նրանից, որ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, երաժշտագետ, բանահավաք, խմբավար, երգիչ և մանկավարժ, նաև կարևորագույն դեր է ունեցել հայ երաժշտությունն ուսումնասիրելու ու համաշխարհային հարթակներում տարածելու գործում և մի շարք երաժշտագիտական ուսումնասիրությունների հեղինակ է: Այս շարքի ընթացքում ներկայացվում են այդ ուսումնասիրություններից հատվածներ:

Առաջիկայում նախատեսվում է այցելուներին ներկայացնել ընթերցանությունների շարքի վերջին` երրորդ մասը, որ ներկայացնում է ժամանակակիցների հուշերը Կոմիտասի մասին: Դրանք ևս հարուստ տեղեկություններ են պարունակում Կոմիտասի կյանքի եւ գործունեության վերաբերյալ:

-Ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում և ինչ նոր ծրագրեր ունեք։

-Դատելով այցելուների արձագանքներից շարքը շատ սիրվել է մեր այցելուների կողմից:

Հետևելով այս շարքին մեր այցելուները ամեն օր վարդապետին յուրովի բացահայտելու հնարավորություն են ունենում:

Մեր ծրագրերն, անշուշտ, այսքանով չեն սահմանափակվում: Առաջիկայում նոր, շատ հետաքրքիր նախագծեր ունենք, սակայն փակագծերը դեռ չեմ բացի:

Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր այցելուներին: Լիահույս ենք, որ շատ շուտով նրանց հետ հանդիպելու հնարավորություն կունենանք, բայց մինչ այդ ամեն ինչ անում ենք, որ նրանց առօրյայում մշակութային, երաժշտական, կոմիտասյան գույն ավելացնենք:

Related posts

Leave a Comment