Գրագետ մարդը վերացել է, նա խառնվել է տեղեկատվական աղբին․ Էմիր Կուստուրիցա

Spread the love

ԳՐԱԳԵՏ ՄԱՐԴԸ ՎԵՐԱՑԵԼ Է․․․
Էմիր Կուստուրիցա, սերբ կինոռեժիսոր

Գրագետ լինել՝ անցյալ դարում նշանակում էր լինել հարգված։ Դա երբեմն շատ ավելին էր նշանակում։ Հիշենք Գարսիա Մարկեսի խոսքը, թե՝ իր գրելու միակ պատճառն այն է, որ ուզում է սիրված լինել։ Գրագետ մարդն ամենուր ուշադրության կենտրոնում էր։ Դպրոցում լիներ, կինոյում, փողոցում, թատրոնում, տրամվայի կանգառում, թե գնչուական թաղամասում։ Գրագետ ասելով նկատի չունեմ քերականություն իմացողին։ Նկատի չունեմ նաև ժամանակակից տեղեկատվական հեղափոխության ստեղծած ուրվականին։

Անցյալ դարում, երբ ինչ-որ մեկին գրագետ էին անվանում, նկատի էին ունենում մի մարդու, որի վերևում ամպը ճախրում էր՝ նրա գլուխը ծածկելով մեծ գաղտնիքի պես, և այդ ամենի հետևում նրա ոչ պակաս կարևոր մարդկային արժանիքների մի ամբողջություն էր։ Գրագետ մարդը կատարյալ չէր, դա՛ չէր նրա նպատակը։ Նրան մխիթարում էր անգլիական ասացվածքը, թե՝ ոչինչ կատարյալ չէ, ոչ ոք կատարյալ չէ։ Եվ դրա բարձրագույն մարմնավորումը դարձավ արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը։

Գրագետ մարդը վերացել է։ Նա խառնվել է տեղեկատվական աղբին․․․ Նա չար չէր ու համաձայն չէր այն մտքի հետ, թե Աստված չկա։ Նա ծայրահեղ դեպքում կհամաձայներ Յունգի այն մտքին, թե Աստծո գոյությունը հաստատողներից ավելի հիմար կարող են լինել միայն նրանք, ովքեր հերքում են այն։ Գրագետ մարդը ձգտում էր դեպի ճշմարտությունը, դեպի բարին ու վսեմը։ Նա ամենևին նման չէր հակահերոսին, որը դարձել է մարմնավորումը այն ժամանակի, որում մենք ապրում ենք։ Նա երբեք էլ չի պատկանել իրական աշխարհին, թեև մենք մի ժամանակ սեղմել ենք նրա ձեռքը։ Ավելի շատ նա նման էր գրքի մի կերպարի, որ էջերից դուրս էր եկել ու կանգնել էր մեր առաջ։

Գրագետ մարդը լի էր առաքինություններով։ Նա անզսպելի էր, ինչպես Օսկար Ուայլդը, և նա կարող էր խոսքով, ինչպես թրով, որևէ ճաշակով բանից կտրել-դեն նետել նրա անճաշակ մասը ու ցույց տալ մեզ մտածելու ճիշտ կերպը։

Գրագետ մարդը ճիշտ հակառակն է մեր ժամանակի հակահերոսի, այսպես կոչված «սելֆի մարդու», այն ինքնասիրահարվածի, պատմությանը չհավատացողի, որ կորպորատիվ կապիտալիզմը ընդունել է ճակատագրի պես ու քրտնաջան աշխատում է ապացուցել, որ իր հարևանը կամ էլ հարևան ժողովուրդը գրոշի արժեք չունի։ Այս հակահերոսը իր այֆոնով «սելֆի» է անում ու ուշադիր հետևում է իր դեմքի՝ անգամ ամենամանր կնճիռների առաջացման ընթացքին։

Պատմությամբ հաստատված վարվեցողության ու բարոյականության նորմերը մենք միայն մեր ծնողների ճնշման տակ չէ, որ ձեռք էինք բերում։ Նոր-նոր սկսվող հոգևոր գործընթացների գաղտնի մեխանիզմները մեզ համար բացահայտում էր գրագետ մարդը։ Իսկ գրագետ մարդուն ձևավորում էր գրականությունը։

Եվ այն, որ ամեն բան կորած չէ (այդպես երբեք չի էլ լինում), հաստատում են այն մարդիկ, որոնք անապատում միայնակ թափահարվող դրոշների պես հուշում են, որ կա՛ն, դեռ կա՛ն գրագետներ, պարզապես նրանց հեռացրել են մեր տեսադաշտից։

Այդ մարդիկ ճզմված են տեղեկատվական հազարավոր հայտնագործությունների, Յութուբի, «ռեալիտի-շոուների» և դրանց տակ թաքնված քաղաքական մեկնաբանությունների արանքում։ Ես հավատում եմ, որ այդ դրոշները ավելի շատ են, քան մենք կարծում ենք։ Մենք երբեմն բարևում ենք նրանց ու չենք էլ պատկերացնում, թե իրականում ում հետ գործ ունենք։

Երբեք այսքան գրքեր չեն եղել, մարդու համար երբեք հասանելի չեն եղել այսպիսի հսկայական ծավալի տպագիր էջեր, և երբեք այսքան քիչ չեն եղել գրագետ մարդիկ։

Այսօր ով ասես չի գրում, բայց կարդում են շատ քչերը։ Ահա թե որն է պատճառը այն «ուրիշ» մարդու ստեղծման, որին մենք «սելֆի» ենք անվանում և որը պանդոկի գռեհիկ աղջկա նման անընդհատ ցցվում է մեր աչքի առաջ։ Նա խառնում է մեր մտքերը, խանգարում է մեզ, և նա չի հեռանա, մինչև չլինի մեծ մաքրագործում։

«Սելֆի մարդը» ստեղծվել է խճճված պատկերացումների աղբանոցում, այն գաղափարի հիման վրա, թե տեղեկատվություն ստանալը նույնն է, ինչ կրթություն ստանալը։ Նա ստեղծվել է փողի ու շահատենչության գերակայող գաղափարախոսության մետաստազների ժամանակներում, երբ միակ կարևոր բանը այն նույն մտահոգությամբ ուսումնասիրվող կնճիռն է՝ դեմքի վրա։ Սկզբում այս «սելֆին» իրականությունը շփոթեց ռեալիզմի հետ, որը Դոստոևսկին անցյալ դարավերջին համարում էր ավելի ֆանտաստիկ, քան գրականության մյուս ուղղությունները․․․ Ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչո՞վ է չափվում այդ իրականությունը և ինչի՞ հետ է համադրվում, եթե ոչ այն գրքերի, որոնք մենք կարդացել ենք։ Եթե մարդը ի վիճակի չէ գոյություն ունեցող աշխարհը համեմատել գոյություն չունեցողի հետ, եթե նա ունակ չէ ստեղծելու աշխարհի ի՛ր սեփական պատկերը, ուրեմն նա «ուրիշ մարդ» է։

Այդ «ուրիշը», ահա, ապրում է մի կյանքով, որտեղ պետք էլ չեն տեսախցիկներ, որպեսզի ամեն ինչ վերածվի «ռեալիտի-շոուի», որի նպատակն է ապացուցել, որ մենք խարդախ ենք, գող ենք ու մեզ մշտապես պատժել է պետք։ Գրագետ լինելը բանաձև է, որը բացում է գաղտնիքների դարպասները, որոնց մենք կարող ենք հասու լինել․ օրհնության դարպասները, որոնց մարդը կարող է դիպչել Երկրի վրա իր կարճատև ներկայության ընթացքում իսկ: Եթե մարդը գրագետ է, ուրեմն կարող է երջանիկ լինել:

Գրագետ մարդը ձգտում է դեպի գիրքը, ինչպես հավատացյալը՝ Աստծուն։ Այսօր գրագետ մարդը իր ներկայությամբ վերածնում է անցյալի պատկերները, որտեղ ինքը ուշադրության կենտրոնում էր, որտեղ իրեն կարող էր տեսնել մի երեխա և այդ երեխայի կյանքն ուրիշ ընթացք կունենար։ Ամեն ինչ ավելի լավ կլիներ։

Թարգմ․՝ Երազիկ Գրիգորյանի
Աղբյուրը՝ Լեզվի կոմիտե

Related posts

Leave a Comment