Տեղեկատվական ձախողումը ներքին ճակատում. Սամվել Մարտիրոսյան

Spread the love

Պատերազմի ընթացքում և դրա ավարտին հետևած զարգացումների ժամանակ կատարված մի շարք համակարգային սխալները տեղեկատվական ոլորտում դեռ երկար բացասական հետևանքներ են ունենալու։ Վստահությունը դեռ երկար լինելու է բաղձալի, բայց դեֆիցիտ ապրանք։ Այս մասին Media.am կայքում գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Դեռ տասը տարի առաջ բանակի կողմից տրամադրվող տեղեկատվությունը շատ ցածր վստահություն էր վայելում։ 

Հանրային կարծիքը, որը հիմնվում էր փաստերի վրա, համարում էր, որ Պաշտպանության նախարարությունը, Պաշտպանության բանակը թաքցնում են գրեթե բոլոր փաստերը՝ կապված բանակում սպանությունների կամ այլ բռնության դեպքերի հետ։ 

Հաճախ զարհուրելի դեպքերը կամ թաքցվում էին, կամ գործը այնպիսի տարօրինակ զարգացումներ էր ստանում, որ տասնամյակից ավելի դատական համակարգը չէր կարողանում հստակ պատասխաններ տալ։ 

Իրավիճակը սկսեց փոխվել 2010-ին, երբ իրար հետևից մի քանի ողբերգական դեպք տեղի ունեցավ դիրքերում․ մեկը կապ ուներ ադրբեջանցի զինծառայողի հետ, որին հաջղվել էր հատել սահմանը և չորս զինվորի կյանք խլել։ Մի քանիսը տեղի ունացան իրար հետևից և կապ ունեին արդեն ներքին խնդիրների հետ, և կրկին զինծառայողներ զոհվեցին։ 

Դեպքերը շատ արագ տարածվեցին սոցցանցերով, ՊՆ-ն շատ ավելի մեծ ուշացումով արձագանքեց։ Արդեն այն ժամանակ պարզ դարձավ, որ նոր իրականություն է ստեղծվել, սոցցանցերի առկայության դեպքում տեղեկատվություն թաքցնելը դառնում է գրեթե անհնարին։ Այդ օրերից բանակը սկսեց ձևափոխել տեղեկատվական քաղաքականությունը։ Եվ մի քանի տարի աշխատանքը լրագրողների, խմբագրերի և ողջ հասարակության հետ տվեց էֆեկտ։ 

Արդեն 2014, 2015 թվականի սահմանային սրացումների ժամանակ հայաստանյան հասարակությունը հիմնականում վստահում էր բանակի կողմից տրամադրվող տեղեկատվությանը։ Արդեն ակնհայտ էր, որ բանակը տեղեկատվությունը հնարավորինս բաց է ներկայացնում հանրությանը։ 

Ադրբեջանական կողմն, իր հերթին, գնաց հակառակ ուղղությամբ․ ռազմական գործողությունների, կորուստների մասին տեղեկատվությունը գնալով սկսեց ավելի ու ավելի թաքցնել։ Հաճախ ռազմական կորուստները ադրբեջանական բանակի շարքերում ներկայացվում էին որպես ՃՏՊ դեպքեր կամ այլ դժբախտ պատահարներ։ Հետագայում, արդեն Ապրիլյանի ժամանակ Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ փակ պահեց կորուստների մասին տվյալները։ 

Այս զարգացումներն ունեին շատ հստակ հետևանք․ Հայաստանում հասարակության կողմից կար աննկարագրելի վստահություն բանակի կողմից տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ։ 

2020 թվականի նոյեմբերին տասնամյակի ընթացքում ստեղծված վստահությունը հօդս ցնդեց։ 

Որո՞նք էին հիմնական սխալներն այս ընթացքում․ 

ա․  Հիմնական և ամենամեծ խնդիրը, իհարկե, բոլորիս հայտնի է։ Հասարակությունը չպետք է անընդհատ ստանա հաղթական հայտարարություններ և մեկ րոպեի ընթացքում անսպասելի պարտության փաստի առաջ կանգնի։ Սա քաղաքական, հասարակական և հազար ու մի այլ տիպի խնդիր է, ավելին՝ ողբերգություն։ Զուտ տեղեկատվական տեսանկյունից վստահությունը ՊՆ-ի և ընդհանրապես կամայական պետական կառույցի հանդեպ ոչ թե զրոյանում է, այլ դառնում է խիստ բացասական։ Տարիներ պետք կգան, որպեսզի մարդիկ նորից սկսեն գոնե սուտ չհամարել ամեն մի հայտարարություն։ 

բ․  Տրամադրվող տեղեկատվությունը սինխրոնիզացված չէր։ Տարբեր կառույցներ իրար հակասում էին, սկզբից դա չէր նկատվում, սակայն ժամանակի ընթացքում գնալով ավելի ցայտուն էր դառնում։

գ․ Ընդհանուր առմամբ, պետական տեղեկատվական մեքենան պատրաստ չէր երկարաժամկետ գործողությունների։  Ինչ-որ պահից հիմնական տեղեկատվությունը էմոցիոնալ բնույթի էր, այլ ոչ բովանդակային։ Սա ինչ-որ պահից ստիպեց հանրությանը տեղեկատվություն ստանալ այլ աղբյուրներից։ Այստեղ առաջին պլան դուրս եկան Տելեգրամ ալիքները, որտեղ մեծ քանակի չճշտված տեղեկատվություն էր շրջանառվում։ 

դ․ Տելեգրամ և Յություբ ալիքների կտրուկ աճած դիտումները բացահայտեցին մեկ այլ համակարգային խնդիր․ Հայաստանում այդպես էլ չձևավորվեց ռազմական փորձագիտական համայնք։ Սրա մեղքը նաև բանակինն է։ Որպես հետևանք, մենք ստիպված էինք լսել այլ երկրների փորձագետներին, որոնց մի մասը սպասարկում էր այլ երկրների շահերը։ 

Տեղեկատվության սակավությունը, բանակի կողմից հիմնականում զգացմունքային և լոզունգային տեղեկությունների տարածումն իր բացասական դերն ունեցավ նաև միջազգային տեղեկատվական դաշտում։ Փորձագետները և լրագրողները բավարար չափով տեղեկացված էին հայկական կողմից հումանիտար ճգնաժամի մասին։ Լավ էին աշխատում ՀՀ և Արցախի երկու օմբուդսմենները, նաև տեղում էին բազմաթիվ արտասահմանյան լրագրողներ։ Սակայն ռազմական բնույթի տեղեկատվությունը շատ սակավ էր, եղածը հստակ չէր։ Որպես հետևանք օգտագործվում էին գրեթե բացառապես ադրբեջանական կողմից տրամադրվող տեսանյութերը, քարտեզները և այլն։ 

Տեղեկատվության չհամաձայնեցված, հաճախ քողարկած լինելը բերել է այսօր այն վիճակի, երբ շատ դեպքեր հնարավոր չէ վերլուծել, քանի որ գոյություն չունի նույնիսկ մշուշոտ պատկեր։ 

Շուշիի անկումը այդպես էլ մնում է գաղտնիք։ Եվ իզուր են պաշտոնյաները նեղանում, երբ լսում են, որ Շուշին ընկավ և ընդհանրապես պատերազմի դադարեցվեց ներկա պայմաններով դավաճանության հետևանքով։ Երբ մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչպես Ադրբեջանի կանոնավոր բանակը տեխնիկայով հասավ և մտավ Շուշի, նա սկսում է մտածել դավադրության, դավաճանության մասին։ Խնդիրն այն է, որ մարդկանց հասկանալի պատկեր չի ներկայացվել։ Իսկ հիմա, եթե նույնիսկ ներկայացվի էլ, շատերը չեն հավատա, քանի որ վստահությունը ոչնչացված է։ 

Հ․ Գ․ Վերջում ավելացնեմ, որ այս ամենի մեջ ես տեսնում եմ նաև իմ մեղքը։ Հետին թվով հեշտ է շատ երևույթներ վերլուծել և հասկանալ, որ հնարավոր էր ինչ-որ բաներ փորձել շտկել։ Հետին մտքով ուժեղը սովորաբար բան չի հասցնում փոխել, հատկապես ճգնաժամային պահերին։ 

Related posts

Leave a Comment