Մարալ Նաջարյան․3-4 անգամ ածելիներ վերցրի, որ ինձ վնասեմ, որովհետև հույս չունեի, որ դուրս կգամ (վիդեո)

4 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Մարալ Նաջարյանը, որն այսօր արդեն Բեյրութում էր, առաջին հարցազրույցն է տվել Վանայ Ձայն լիբանանյան ռադիոյին։

Մարալն իր շնորհակալություններն էր հայտնում Կարմիր խաչին, Լիբանանին, «անհայտ ձեռքերին, որ աշխտատել են այդ զնդանից» իր ազատության համար։

«Չէի սպասում այս մթնոլորտին։ Երբ երեքշաբթի առավոտ շուտ դռան վրայի փոքրիկ փեղկը բացվեց ու ասացին, որ հավաքի ապրանքներդ, պիտի գնաս, ես ցատկեցի, չես կարող երևակայել, որքան ուրախացա։ Աստված իմ, ասացի, ինձ ազատությունս են տալիս»,-ասում է Մարալը՝ չկարողանալով զսպել արցունքները։

Պատմում է, որ հավաքեց ապրանքները և այդ դուռը, որ բնավ չէր բացվել իր առաջ, վերջնական բացվեց։ Մարալին բանտից օդանավակայան ուղեկցել է մի զինվոր ևԿարմիր խաչից մի աղջիկ, նրան ներս են տարել օդանավ, լիբանանյան անձնագիրը տվել ու ինքնաթիռը թռել է Ստամբուլ։ Այնտեղ Մարալը մնացել է 11 ժամ, մինչև Բեյրութ օդանավիով թռչելը։

«Մարդկանց խնդրում էի, որ հեռախոս տային, որ ընտանիքիս լուր տամ, ոչ մեկը չտվեց։ Միայն ես գիտեմ, թե ինչպես 11 ժամ անցկացրի այդ օդանավակայանում՝ մինչև թռիչքիս ժամը եկավ։ Մինչև երկրորդ օդանավ նստելս չէի հավատում, մտածում էի՝ ինձ կբռնեն, հետ կտանեն։ Լիբանան իջավ օդանավը, ծափերը լսեցի, ասում էի, սա ի՞նձ համար են։ Ես ինձ ասում էի՝ Աստված քեզ հողդ վերադարձրեց»,-լացակումած պատմում է Մարալը։   

«Դուրս եկա, զավակներս ինձ դիմավորեցին, չէի հավատում, որ Աստծո հրաշքն էր ինձ համար։ Ես բնավ հույս չունեի, որ դուրս կգայի այնտեղից։ Ինչ ձեռք որ ինձ համար աշխատեց, աղոթքներ, որ ինձ համար ասվեցին, ամենալավը թող գտնեն»,-ասում է Մարալը։

Մարալն ասում է, որ առողջ վիճակում չէ, դեղեր է ընդունում, բայց գիտի, իր խոսքերով, որ «զորավոր է»։

«Այնտեղ ածելիներ կային հատակներին, 3-4 անգամ վերցրեցի, որ ինձ վնասեմ, որովհետև հույս չունեի, որ դուրս կգամ։ Բայց տղաս ու աղջիկս դիմացս էին գալիս ու ասում էի, մի արա, գցում էի արտաքնոցի մեջ, որ էլ ձեռքս չվերցնեմ։ 3-4 բաղնիքի մեջ տեսա, բայց չգիտեմ, մտադրված էին դրել, թե ինձնից առաջ եկողներն էին թափել։ Մի քանի անգամ ուզեցի անել, բայց ոչ՝ ասացի, ես զավակներիս մոտ պետք է գնամ անպայման։ Աստված ինձ սիրում է, սրանից առաջ մի մեծ պատահար եմ անցել ու ազատվել եմ, նորից ինձ Աստված կազատի։ Փառք, հազար փառք»,-ասում է Մարալը, հավելելով, որ վստահ էր, որ թե Լիբանանում, թե Հայաստանում իր համար աղոթում են։

Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանը Արցախ էր տեղափոխվել Լիբանանից։ Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 10-ին, վերջինս Հայաստանից ուղևորվում է Արցախ՝ իր իրերի հետևից, սակայն նրան ադրբեջանցիները գերևարում են Բերձորում։

Related posts

Leave a Comment