Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ․ Սողոմոն Թեհլերյան

100 տարի առաջ այս օրը՝ 1921թ․ մարտի 15-ին, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանը սպանեց հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։ Նրան ձերբակալեցին, բայց նույն տարվա հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։

Սողոմոն Թեհլերյանն իր «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքում գրել է դատավարության մասին․

Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլերյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլերյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ:
Թեհլերյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախա‎գահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլերյան – Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլերյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլերյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:

Նա նաեւ պատմել է, թե ինչպես է սպանել Թալեաթին: «Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա` նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին»:

Related posts

Leave a Comment