Երեք րոպեի կանոնը՝ երեխայի հետ շփման մեջ

Հոգեբաններն ասում են, որ գոյություն ունի շատ կարևոր կանոն երեխայի հետ շփման մեջ: Այն անվանում են՝ «երեք րոպեի կանոն»։ Սրա իմաստն այն է, որ երեխային դիմավորես նույն ուրախությամբ, ինչպես դիմավորում ես քո ընկերոջը, ում երկար ժամանակ չես հանդիպել:Եվ կարևոր չէ՝ վերադարձել ես խանութից, աշխատանքից, թե՞ գործուղումից:

Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ուզում է կիսվել ձեզ հետ, պատմում է հանդիպման առաջին մի քանի րոպեի ընթացքում: Այդ պատճառով էլ կարևոր է բաց չթողնել այդ պահը:

Շատ ծնողներ ենթագիտակցաբար են կատարում երեք րոպեի կանոնը: Օրինակ, երեխային դպրոցում դիմավորելիս կքանստում են, նայում են երեխայի աչքերին, գրկում են նրան, ասում, որ կարոտել են: Մինչդեռ որոշ ծնողներ ուղղակի բռնում են երեխայի ձեռքն, ասում՝ «գնացինք» և շարունակում են հեռախոսով խոսել:

Աշխատանքից վերադառնալով՝ միանգամից ուշադրություն դարձրեք երեխային: Ձեր կոշիկները հանեք և վազեք նրա մոտ: Դուք մի քանի րոպե ունեք, որ նստեք նրա կողքին, հարցնեք անցած օրվա մասին և լսեք նրա պատասխանները: Իսկ հետո կարող եք գնալ ձեր գործերին:

Ուշադրություն: Կարևոր է ոչ թե հաղորդակցման տևողությունը, այլ էմոցիոնալ կապը: Երբեմն մի քանի րոպե տևողությամբ մտերիմ զրույցները ավելի շատ նշանակություն են ունենում, քան միասին անցկացրած մի ամբողջ օրը, եթե, հատկապես, մտքերով այլ տեղում եք:

Երեխաների և ծնողների համար «համատեղ ժամանցը» տարբեր նշանակություն ունի: Մեծերի համար բավական է, որ երեխաները ուղղակի լինեն իրենց կողքին, երբ նրանք տան գործեր են անում կամ գնում են խանութ: Իսկ երեխաների համար դա տեսողական կոնտակտ է, երբ ծնողները նստում են իրենց կողքին, մի կողմ են դնում բջջայինները, դադարում են մտածել խնդիրների մասին և չեն շեղվում երեխայի հետ շփումից:

Անշուշտ, միշտ չէ, որ ծնողները խաղալու ժամանակ ունեն, բայց այդ պահերին հարկավոր է անել այն, ինչ երեխան է ուզում: Պետք չէ առաջարկել ժամանցի ձեր տարբերակները: Երեխան երբեք չի անկեղծանա ձեզ հետ, եթե զգա, որ դուք հաղորդակցման ժամանակ այլ բաների մասին եք մտածում:

Ժամանակը արագ է անցնում, չեք էլ նկատի, ինչպես են երեխաները մեծանում: Դրա համար էլ ժամանակ մի կորցրեք և կառուցեք նրանց հետ ճիշտ և վստահությամբ լի հարաբերություններ:

Իսկ «երեք րոպեի կանոնը» կօգնի ձեզ այդ հարցում:

Related posts

Leave a Comment