ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի կինը ալկոհոլային ջեմերի արտադրություն է հիմնել

Լոլիկը կարող է համեղ համադրություն դառնալ պորտվեյնի, ծիրանը՝ ամարետոյի, թուրինջը՝ կոնյակի հետ։ Anook jams-ում երկար փորձարկել են տարբեր համեր, հետո պահածոյացրել, տարաներին փակցրել հետաքրքիր պիտակներ ու հասցրել ամենատարբեր տեսակի ջեմեր պատրաստող ու ջեմերի սիրահար հայ սպառողին։ Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ջեմերը սպառողին հասանելի են դարձել շուրջ երկու ամիս առաջ։

Երաժիշտ, Anook jams-ի հիմնադիր Իրինա Իգիթխանյանը, որը արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի կինն է, GastroVino-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է համավարակը նոր շունչ տվել տարիներ առաջ ծնված գաղափարին եւ ինչպես է ճգնաժամային տարում, փոքր թիմով, հնարավոր եղել իրագործել նախաձեռնությունը։

«Մեր ջեմերի համար շուկայում դեռ փոքր նիշա կա»

Ջեմերի արտադրության մասին սկսել եմ մտածել շուրջ 7 տարի առաջ, անգամ փորձեր եմ արել, բայց ավելի սիրողական մակարդակով։ Տանը խաղում էինք տարբեր համերի հետ, փորձում էինք, նաեւ արտադրության գաղափարը կար, բայց ինչ-ինչ պատճառներով կանգ առանք։

Կորոնավիրուսը դրդեց, որ վերակենդանացնենք այդ գաղափարը։ Չնայած մեր շուկան բավական հագեցած է, ու հաճախորդները սովոր են ջեմերին, մուրաբաներին ու զանազան տեսակներ կան, բայց մի փոքր շուկայական ուսումնասիրություն արեցի եւ համոզվեցի, որ այս ջեմերի համար դեռ փոքր նիշա կա, որովհետեւ դրանք տարբերող են։

Խոհանոցի ու սննդի նկատմամբ հատուկ սեր ունեմ, միշտ փորձել եմ հնարավորինս տարբեր խոհանոցների հետ շփվել, փորձարկումներ անել, բացահայտել նոր բաղադրատոմսեր։ Իմ սիրած խոհանոցը ֆրանսիականն է, որովհետեւ նրանք քաջ են իրենց մատուցումների մեջ, չեն վախենում տարբեր համադրումներից եւ դա ինձ միշտ ոգեւորել է։

Anook-ը կնոջ ամբողջական կերպար է

Երբ 7 տարի առաջ ծնվեց գաղափարը՝ մտածում էինք բրենդի մասին, թե՝ ինչի՞ հետ է ասոցացվում ջեմը։ Թիմի բոլոր անդամները միաձայն եկան այն եզրահանգման, որ այն անմիջապես ասոցացվում է նախաճաշի, մեկ սեղանի շուրջ ընտանիքի միավորման։ Ինձ համար էլ հանգստյան օրերի լավագույն մասը հենց նախաճաշն է, երբ բոլորը միասին են, ինչը կիսվելու, շփվելու, համեղ որեւէ բան համտեսելու առիթ է։

Բացի այդ, ջեմ պատրաստելը, կարծում եմ, բոլորս կապում ենք նաեւ մեր ընտանիքների կանանց հետ՝ մայրիկներ, տատիկներ։ Այսպես` եկավ կնոջ կերպարը եւ մենք փորձեցինք անուն դնել, որը կմարմնավորի նրան։ Անուկը Աննայի փաղաքշական տարբերակներից մեկն է, որը հետաքրքիր կանացի հիմք ունի, լակոնիկ է, միջազգային։ Մի կողմից ես հասկանում եմ, որ ավանդական հայկական անուն չէ, բայց այն մի ամբողջական կնոջ կերպար է, որը նաեւ, եթե հաջողվի ժամանակի ընթացքում առաջ գնալ ու կարողանալ արտահանել ջեմերը, դժվար կարդացվող կամ ընկալվող չի լինի։

«Փորձում էինք անել մի բան, որ դեռ չկար շուկայում»

Արտադրության սկզբում ինձ միացավ նաեւ իմ գործընկերը, ով սննդի ոլորտի պրոֆեսիոնալ է։ Դա նաեւ հույս ներշնչեց, որ ինքն էլ է հավատում է պրոդուկտի կենսունակությանը։

Մենք փորձում էինք անել մի բան, որ դեռ չկար հայկական շուկայում։ Ալկոհոլային ջեմերն աշխարհում նորություն չեն, տարբեր տեղերում տեսել եմ, փորձել ու դա ոգեւորել է ինձ։ Մենք սովոր ենք նախաճաշերի ժամանակ ջեմը քսել հացին, բայց ուրախ եմ արձանագրել, որ մեր ռեստորաններում պանիրը մատուցելիս նաեւ մեղր կամ ջեմ են առաջարկում։

Դեռ միայն 7-ն են ներկայացրել

Սկսել ենք 7 տեսակի ջեմով, բայց չեմ ասի, թե մեր բոլոր ջեմերն արդեն պատրաստել ու ներկայացրել ենք։ Փորձել ենք այնպես անել, որ համերն ու համադրությունները տարբեր լինեն, որպեսզի մարդիկ ընտրության հնարավորություն ունենան։ 

Anook-ի ամենաէկզոտիկ ջեմը

Լոլիկի ջեմը, երեւի, ամենաէկզոտիկն է, որովհետեւ երբ ասում ես՝ «լոլիկի ջեմ», մարդիկ լարվում են, բայց հավաստիացնում եմ, որ շատ յուրահատուկ համ ունի, մանավանդ, որ մի փոքր պորտվեյն կա մեջը։ Այս ջեմը պատրաստվում է տեղական լոլիկից։

Ամբողջական հոդվածը՝ հղմամբ։

Related posts

Leave a Comment