Լավրովի պլանից «թռնելու» հետեւանքները

Առավոտ օրաթերթում Արամ Աբրահամյանը գրում է ․

Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որտեղ Փաշինյանը խոսում է Արցախյան խնդրի մասին իր պատկերացումների մասին, իսկապես սենսացիա չէր՝ մանավանդ նրանց համար, ովքեր սպասում էին անձնական բնույթի ինչ-որ  սկանդալային բացահայտումների: Աստված մի արասցե, որ ընտրական պրոցեսի մասնակիցներից որեւէ մեկը սկսի մտնել իր մրցակցի անձնական կյանքի մեջ: Ես գտնում եմ, որ ներքաղաքական բանավեճում անգամ Աշոտ Փաշինյանի անունը տալն էր սխալ՝ նա մասնավոր անձ է եւ պետք է հնարավորություն ունենա ապրելու իր մասնավոր կյանքով:

Ինձ համար սենսացիա չէր, որ Հայաստանի համար այս ճակատագրական հարցի մասին վարչապետը խոսում էր չափազանց, մեղմ ասենք, կենցաղային լեզվով՝ այդպիսիք են իրականության նրա ընկալումները: Ձայնագրությունը պարզապես եւս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը, «իրեն գժի տեղ դնելով», «թռել էր» Լավրովի պլանից, որը, հիշեցնեմ, ենթադրում էր 5, իսկ այնուհետեւ 2 շրջանների վերադարձ եւ Արցախի կարգավիճակի խնդրի՝ անորոշ ժամանակով հետաձգում:

Արդյոք Հայաստանի հասարակության (էլ չեմ ասում՝ սփյուռքահայության) մեծամասնության համար ընդունելի՞ կլիներ, եթե վարչապետն այդ առաջարկն ընդուներ: Ինձ թվում է՝ ոչ: Անձամբ ես էլ դրա վերաբերյալ մեծ կասկածներ կունենայի: Բայց երկրի ղեկավարը (որն ուներ բնակչության ճնշող մեծամասնության վստահությունը) պետք է ավելի հեռուն տեսներ, քան մենք՝ շարքային քաղաքացիներս, եւ իր մտքում ունենար այն սցենարը, որին մենք, ցավոք սրտի, հանգեցինք:

Կարծում եմ, հիմա ոչ ոք չի կասկածում, որ այսօր վիճակը հարյուրապատիկ ավելի վատն է, քան այն, որը կարող էր լինել Լավրովի պլանն ընդունելուց հետո: Կամ, եթե վարչապետը մեր տխուր ապագան չէր տեսնում, գոնե վարվեր Սերժ Սարգսյանի նման՝ շարունակելով քննարկել այդ ծրագիրը, ինչն, իհարկե, վտանգավոր էր եւ հանգեցրել էր 2016-ի ապրիլյան պատերազմի: Եթե Ռուսաստանը չուզեր, չէր լինի այդ պատերազմը: Առանց Ռուսաստանի ցանկության՝ չէր սկսվի նաեւ 2020 թվականի պատերազմը: Փաշինյանին թվում էր, թե ինքն այնքան «դուխով» է, որ կարող է «թռնի» կամ, եթե իր ոճով արտահայտվենք, «պասլատ անի» Լավրովին, այսինքն՝ Ռուսաստանին: Ահա ձեզ այս ահավոր պատերազմի եւ նվաստացուցիչ պարտության հիմնական պատճառներից մեկը: Ինձ թվում է, Սերժ Սարգսյանի՝ ձայնագրությունը հրապարակելու դրդապատճառը «սենսացիա» անելու մեջ չէր: Ենթադրում եմ, որ այդ քայլն ուղղված էր ոչ այնքան ներքին սպառողին, որքան արտաքին լսարանին՝ Փաշինյանի «մաչոիզմի» փաստը հիշեցնելու համար: Պատահական չէ, որ ներկայիս իշխանության կողմնակիցները ձայնագրությունն ակտիվորեն չեն քննարկում: Գոնե այդքան խելքները կտրում է:

Related posts

Leave a Comment