2 տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք մեր կյանքը և աշխարհի քաղաքական դասավորությունը փոխելու են հիմնովին․ «Zangi»-ի հիմնադիր

«Zangi» հայկական հավելվածի հիմնադիր ու գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը գրում է, որ մեզ են մոտենում 2 տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք մեր կյանքը և աշխարհի քաղաքական դասավորությունը փոխելու են հիմնովին։

«Բոլորը կենտրոնացել են արհեստական բանականության վրա, բայց իրական հեղափոխությունը կայանալու է հետևյալ 2 նորամուծություններից՝

1. Առաջինը նորություն չի և կայանում է էլեկտրոմոբիլների համատարած ներդրմամբ։ Մոտակա 4-6 տարվա ընթացքում նավթը իր տեղը զիջելու է կանաչ տեխնոլոգիաներին և տնտեսության մեջ մնալու է որպես ածուխի նման մի բան։ Նավթային դարաշրջանի ավարտը իր հետ բերելու է աշխարհի քաղաքական դաշտի տեկտոնական շարժի։ Երկրների մի մասը կորցնելու են ազդեցության լծակներ, իսկ մյուս մասը ձեռք են բերելու նոր լծակներ։ Տնտեսական փոփոխությունները ծնելու են հեղափոխություններ ու պատերազմներ։

2. Երկրորդի մասին գրեթե չի խոսվում, բայց մեզ է մոտենում մի նոր տեխնոլոգիական և տնտեսական ցունամի։ Վերջին տարիներին ավիացիոն տեխնոլոգիաները այնպես են զարգանում, որ ՕԳԳ-ի տեսակետից օդային բեռնափոխադրումները դարձել են ամենաարդյունավետը։ Խնդիրը մնում է միայն օդանավերի և նրանց սպասարկման թանկ լինելը, որը էապես ազդում է վերջնական գնագոյացման վրա։ Ըստ կանխատեսումների մոտակա 10 տարիների ընթացքում ավիացիայի ոլորտում կատարվելու է տեխնոլոգիական թռիչք` դասական ինքնաթիռները և ԱԹՍ-ները դառնալու են ավելի մատչելի և պարզ սպասարկման տեսակետից։ Օդով բեռները տեղափոխվելու են ավելի էժան քան երկաթգծային և ավտոմոբիլային բեռնափոխադրումներն են։ Մյուս կողմից դա կատարվելու է շատ ավելի արագ և հասցեական։ Տրանսպորտացիայի այս նոր հնարավորությունը բերելու է ապրանքների մի նոր մասշտաբային շրջանառության աճի։ Պատկերացրեք Երևանից կարողանալու ենք պատվիրել սուշի հենց Տոկիոյում և ընդամենը մի քանի ժամից դա լինելու է մեր սեղանին։

Քաղաքական տեսակետից վերանալու են Մետաքսի և այլ նմանատիպ պրոյեկտների նպատակահարմարությունը։ Փոխվելու են գերտերությունների ու մնացած պետությունների ռազմավարական նպատակները։ Երկիր մոլորակի դժվար հասանելի մասերը դառնալու են հասանելի և պետությունների հիմնական պայքարը լինելու է հենց այս նոր առաջացած ռեսուրսների համար»,-գրում է Մարտիրոսյանը։

Related posts

Leave a Comment