Անտարկտիդայում սառցադաշտերի տակ ակտիվ լճեր են հայտնաբերվել

Գիտնականներին հաջողվել է կազմել Անտարկտիդայի սառցադաշտերի տակ գտնվող ակտիվ լճերի ճշգրիտ քարտեզը: Այս մասին հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը:

Մասնագետներն օգտագործել են ICESat-2 ուղեծրային սարքը՝ Անտարկտիդայի սառցադաշտերի տակ «ակտիվ» լճերի նոր քարտեզ կազմելու համար: Տիեզերքից ստացված նոր տվյալների մեծ զանգվածի ուսումնասիրությունը թույլ է տվել Մերսեր եւ Ուիլանս սառցե հոսանքների տակ երկու նոր ջրամբար հայտնաբերել:

«Սառցադաշտերը ստատիկ օբյեկտներ չեն. դրանց տարածքները մեկ բարձրանում են, մեկ իջնում, երբ դրանց տակ լճերում ջրի մակարդակը փոխվում է: Նոր նախագիծը մեզ տալիս է կարեւոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են Անտարկտիդայի սառցադաշտային լճերի կառուցվածքը հասկանալու համար»,- նշում են հետազոտության հեղինակները:

Սառցադաշտերի տակ գտնվող լճերի մասին տասնամյակներ հայտնի չէր, բայց հետազոտությունները սկսեցին թափ հավաքել 2007 թվականից, երբ գիտնականները մոդելավորման համար օգտագործեցին արբանյակային տվյալները: Պարզվեց, որ Անտարկտիդայի մակերեսի տակ կա լճերի մի ամբողջ ցանց, որոնք միմյանց հետ կապված են, իսկ դրանց ջրի քանակը հաստատուն չէ: Դա ազդում է դեպի Հարավային օվկիանոս սառույցի սահելու արագության վրա, քաղցրահամ ջրով դրա նոսրացման վրա, ինչը փոխում է էկոհամակարգը եւ դրա հետեւանքով մոլորակի հազարավոր գործընթացները:

Related posts

Leave a Comment