Արտասահմանից ովքե՞ր եւ ինչո՞ւ են ակտիվորեն Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում

Armradio-ն գրում է․ Սոցցանցերում մի քանի օր է՝ շրջանառվում է տեղեկատվություն, թե հատկապես մարզային մի քանի քաղաքներում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք են բերվում մեծաթիվ տներ ու հողատարածքներ։ Առանձնացվում է հատկապես Արագածոտնի մարզը։ Սակայն տարածվող լուրերի մասով, թե Ապարանում և Օհանավանում տասնյակ տներ ու հողատարածքներ են գնվել, պաշտոնական եւ շրջանառվող տեղեկությունները տարբեր են։ Ինչ ազգության են գնորդները, ինչ նպատակով են Հայաստանում սեփականություն ձեռք բերում եւ ինչ են այս մասին վկայում պաշտոնական թվերը:

Անի Կաղինյանն ամեն տարի ամառային արձակուրդներն անցկացնում է Ապարանում՝ պապական տանը։ Այս տարվա հանգիստը, սակայն, մտահոգություններով է սկսվել։ Ապարանում շարունակ մոտենում ու Երևանում ցածր գնով բնակարան ձեռք բերելու հարցով են դիմում։

«Գիտեմ, որ այստեղի ժողովուրդը վճարունակ չէ, հարցրել եմ՝ հիփոթե՞ք եք գրվում, ասել են՝ չէ, մեր բնակարաններն ենք վաճառում արաբներին, ուզում ենք Երևանում տուն ձեռք բերել։ Հետո ես սկսեցի հետաքրքրվել ու պարզեցի, որ ճշմարտություն է՝ տեղացիները բարձր գներով վաճառում են իրենց տները»։  

Ապարանում անշարժ գույքի գները, Անիի տեղեկություններով, 10-25 հազար դոլարի սահմաններում են։ Սակայն օտարերկրյա քաղաքացիներն ապարանցիներին երբեմն  ավելի բարձր գին են առաջարկում անշարժ գույքի դիմաց՝ ընդհուպ մինչեւ 2-3 անգամ թանկ։

«Ու շատ ուրախ և երջանիկ մարդիկ վաճառում են տներն՝ առանց հասկանալու, որ  հայրենիք ենք կորցնում։ Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Ապարանով  է անցնում Վրաստանին կապող գլխավոր մայրուղին»։

Անիի տեղեկություններով՝ արդեն 2 տասնյակ տներ Ապարանում վաճառվել են։ Որ օտարերկրացիները տներ են ձեռք բերում Ապարան խոշորացված համայնքում՝ չի հերքում  համայնքապետի տեղակալ Արկադի Կարապետյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում  նկատում է, որ վերջին օրերին այս աղմուկն ավելացել է, իրենք էլ են սկսել ուսումնասիրել՝ գնորդներն ովքեր են և ինչ նպատակով են ձեռք բերում սեփականություն։

«Ես որքանով տեղյակ եմ՝ երկու բնակարան է գնվել ու մի քանի հող։ Կոնկրետ թիվ չեմ կարող  ասել, կադաստրից պետք է տվյալները գան, թե սեփականություններն ում անունով են փոխվել։ Այս պահին մեզ մոտ  օտարերկրացիների  անունով սեփականության  տվյալներ չկան»։  

Ապարանի համայնքապետի խորհրդականը նկատում է՝ այս տարի օտարերկրյա քաղաքացիներն իրոք Հայաստանում հողեր ձեռք բերելու հետաքրքրություն են ցուցաբերում։   Օհանավանն էլ է նրանց հետաքրքրում։ Այստեղ էլ են հողատարածքներ ձեռք բերվել, ըստ նախնական տեղեկությունների՝ այգի հիմնելու համար։ «Ռադիոլուրի» տեղեկությունները չի հերքում նաեւ Օհանավանի համայնքապետ Էդգար Հայրապետյանը, բայց նաեւ վստահեցնում՝ հողատարածքները գնել են սեփականատարերից, ոչ թե համայնքից։ Թե ովքեր են եղել գնորդները՝ չի տիրապետում տեղեկատվությանը։  

«Վաճառքի հողեր չունեմ։ Սեփականատերերն են ինչ-որ տարածքներ վաճառել, բայց անհատների չէ, ՍՊԸ-ների։ Մենք ազգություն չենք կարող իմանալ։ Կադաստրից եկող տեղեկատվության մեջ գրված է, որ սեփականությունը այսինչ ՍՊԸ-ի անունով է, հիմա ես շատ իմանամ, ով է»։

Օհանավանի համայնքապետը նկատում է՝ անշարժ գույքն օտարերկրացիները ձեռք են բերում սեփականատերերից, բայց եւ շեշտում է՝ համայնքային ոչ մի կտոր հող  ո՛չ վարձակալության հիմունքներով, ոչ էլ օտարման չի տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների։

Կադաստրի պետական կոմիտեի տեղեկացմամբ՝ օտարերկրյա քաղաքացիները չեն կարող ՀՀ-ում հող սեփականել՝ որոշակի բացառությամբ։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձիք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործող: Բացառություն են ՀՀ–ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք: Այսինքն՝ ծագումով հայ օտարերկրացիները, ինչպես նաև Հայաստանում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիները կարող են այստեղ ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք Հայաստանի վարչապետի կարգադրությամբ միայն։

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ձեռք բերել սեփականության իրավունք միայն տնամերձ, այգեգործական, հասարակական և արտադրական օբյեկտների, ինչպես նաև անհատական բնակելի տան, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի նկատմամբ։

Հողամասերի վարձակալություն, թե՞ գույքի ձեռքբերում․ ո՞րի համար են ամենաշատը դիմում օտարերկրացիները։ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Ալեքսանյանն ասաց՝ երկու դեպքում էլ հետաքրքրություն կա։

«Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ թվի մասին է խոսքը, բայց երկուսի մասով էլ հետաքրքրություն կա»։

Տաբերվում է կարգավորումն իրավաբանական անձանց մասով։ Այս առումով ՀՀ օրենքով որևէ սահմանափակում նախատեսված չէ։

«Իրավաբանական անձանց նկատմամբ օտարվող հողամասերի  վերաբերյալ որևէ սահմանափակում չկա։ Արտասահմանցի քաղաքացիները կարող են որևէ իրավաբանական անձի անվան տակ  այստեղ ձեռք բերել հողատարածքներ։ Թե ՍՊԸ–ների հետևում թուրքեր ու ադրբեջանմցիներ կարող են թաքնվել չեմ բացառում և ոչ էլ հաստատում եմ։

Ամեն դեպքում դա հնարավոր է պետական ռեգիստրի միջոցով պարզել»։   

Հայաստանում տուն եւ հողատարածք ձեռք բերելու հետաքրքրությունը երբվանի՞ց է ավելացել՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդականը դժվարացավ ասել։ Ըստ տեղեկությունների՝ հետաքրքրությունը մեծ է հատկապես արաբների կողմից։ Կադաստրի կոմիտեի պաշտոնյան այս առումով նկատում է՝ Արաբական Էմիրություններից  Հայաստանում միշտ էլ անշարժ գույք ձեռք են բերել։ Հիմք ընդունելով վերջին տեղեկությունները՝ համայնքապետերն իրենք էլ են հետաքրքված այս միտումներն ուշադրության առնել։

Related posts

Leave a Comment