Արագած լեռը կվերածվի տարածաշրջանում ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրի՝ ֆրանսիական ներդրումների արդյունքում

Հայաստանի Արագածոտնի մարզում գտնվող Արագած լեռը կդառնա միջազգային կարգի լեռնադահուկային հանգստավայր։ Մեմորանդումն արդեն կնքվել է էկոնոմիկայի նախարարության հետ։ Արագածը կդառնա Հայաստանի երկրորդ լեռնադահուկային հանգստավայրը Ծաղկաձորից հետո։

Ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը շահագործող ֆրանսիական «Société des Trois Vallées»-ի գործադիր տնօրեն Պասկալ դե Տիրեսանտը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնելով նախագիծն ասում է, որ Արագածը կատարելապես հարմար է լինելու դահուկային ու նաև տարվա չորս եղանակի հանգստավայր, որը կլինի ֆանտաստիկ զբոսաշրջային ուղղություն։

Արագածի դահուկուղին նախատեսված է 125 կմ, ինչը առավելագույնը կլինի ողջ Հարավային Կովկասում․ Ծաղկաձորի դահուկուղին կազմում է 30 կմ, Վրաստանում Գուդաուրիինը՝ 57կմ, Ադրբեջանի Շահդագինը՝ 19կմ։ Սոչիի դահուկուղին, որը հյուրընկալել էր ձմեռային Օլիմպիական խաղերը, ունի 102կմ երկարություն:

«Այս նախագիծը վստահաբար կլինի խոշորագույն ծրագիր ոչ միայն տարածաշրջանում ու Հայաստանի հարևանությամբ, այլ նաև Ասիական աշխարհամասում։ Այն կլինի ամենամեծը, քանի որ դահուկուղիները ֆանտաստիկ են դահուկային հանգստավայր ստեղծելու համար։ Սա հիանալի նախագիծ է ոչ միայն դահուկորդների համար, այլ գործելու է շուրջ տարի ու հիանալի է հեծանվավարության, արշավների համար»,-ասում է Պասկալ դե Տիրեսանտը, հավելելով, որ այն Հայաստանում կզարգացնի դահուկային սպորտն ու կգրավի մեծ թվով զբոսաշրջիկների։

Նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, ռեստորաններ, նախագիծը կօգնի նաև տեղի գյուղատնտեսներին՝ խթանել իրենց բիո մթերքներն ու այն ճանաչելի դարձնել աշխարհում։

Ներկայումս արդեն նախագծային-հաշվարկային աշխատանքներն են կատարվում։

«Աշխատանքները կսկսվեն հաջորդ գարնանից»,-ասում է  Պասկալ դե Տիրեսանտը:

Related posts

Leave a Comment