Արտեմ Փաթափությանը՝ Նոբելյան մրցանակի արժանանալու լուրն իմանալուց հետո

Aliqmedia-ն գրում է․ Բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի քույրը՝ Հուրի Փաթափությանը, երեկվանից աշխարհի բոլոր երկրներից բազմաթիվ զանգեր է ստանում: Արտեմի միակ ու սիրելի քրոջը նույնպես շնորհավորում են եղբոր մրցանակի առթիվ:

Արտեմ Փաթափությանը՝ որդու, Լուկայի հետ հետևում է Նոբելյան կոմիտեի ասուլիսին՝ մրցանակի լուրը ստանալուց հետո

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Հուրին անկեղծանում է. «Իմ եղբայրը շատ-շատ մրցանակներ է ստացել, դեռ անցյալ շաբաթ Իսպանիայում հեղինակավոր մրցանակ ստացավ: Բայց ես իրեն միշտ ասում էի՝ Արտե՛մ, այս բոլոր մրցանակները՝ մի կողմ, ես սպասում եմ Նոբելյան մրցանակի, դու մի օր Նոբելյան ես ստանալու: Ծիծաղում էր, ասում էր՝ ո՛չ, քույրս, որտեղի՞ց Նոբելյան մրցանակ, այդպիսի բան չի կարող լինել»:

Նոբելյան մրցանակի առաջադրվելու մասին տեղյակ չեն եղել ո՛չ Արտեմը, ո՛չ ընտանիքը: Երեկ կեսգիշերն անց՝ ժամը երկուսին, Նոբելյան կոմիտեից զանգահարել են ԱՄՆ՝ Փաթափությանի ծնողների բնակարան, լուրը հաղորդել:

Ծնողները թեեւ լավ տիրապետում են անգլերենին, բայց չեն հասկացել, թե գիշերվա կեսին ինչ են խոսում հեռախոսի մյուս ծայրից: Անջատել են, նորից են զանգել: Երբ Արտեմի անունը լսել են, տվել են նրա տան հեռախոսահամարը: Ծնողները բնակվում են Լոս Անջելեսում, Արտեմը՝ Սան Դիեգո քաղաքում: Լուրը կայծակնային արագությամբ տարածվել է՝ Արտեմ Փաթափությանը ստացել է բժշկագիտության եւ ֆիզիոլոգիայի ոլորտի այս տարվա մրցանակը:

«Շատ մեծ հպարտություն է մեզ համար, ուրախություն, հուզմունք: Ծնողներս, մեր բոլոր հարազատները, բարեկամները, ընկերները բնականաբար նույնպես ուրախ են»,- մեզ հետ զրույցում ասում է Հուրի Փաթափությանը, որ եղբոր հետ դեռեւս շատ կարճ է հասցրել խոսել, սպասում է՝ եղբայրը մի փոքր ազատվի շնորհավորանքների հեղեղից: Փոխարենն անընդհատ կապի մեջ է ծնողների հետ, որոնք նույնպես անդադար հեռախոսազանգեր են ստանում:

Արտեմ Փաթափությանի հայրը սփյուռքահայ գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնն է։ Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում հայկական դպրոցի տնօրեն է եղել, ԱՄՆ փոխադրվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Մտավորական ընտանիքում մեծացել են ուսմանը նվիրված երեք երեխաներ: Արտեմ Փաթափությանի եղբայրը՝ Արան, նույնպես գիտնական է, համակարգչային գիտությունների դոկտոր: Քույրը պատմում է, որ նա էլ բազմաթիվ հեղինակավոր գիտական մրցանակներ է ստացել:

«100-ից ավելի գյուտերի հեղինակ է, նրա հետազոտությունները կիրառվում են նշանավոր համալսարաններում եւ փորձագիտական կենտրոններում: Նա դեռ Նոբելյան չի ստացել»,- ծիծաղում է, բայց քրոջ սիրտը վկայում է՝ գուցե մի օր Արան էլ առաջադրվի։

Ինքը՝ Հուրի Փաթափությանն անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետ է, Լիբանանում սիրված ուսուցչուհի է եղել, 25 տարի աշխատել է Եղիշե Մանուկյան ազգային վարժարանում, այժմ տարվա մի մասը Հայաստանում է անցկացնում: Չի բացառում, որ գուցե Արտեմն էլ մտածի Հայաստանի հետ ինչ-որ կերպ կապ պահելու մասին:

«Արտեմը Հայաստանում առաջին անգամ եղել է 12 տարեկանում, դեռեւս խորհրդային տարիներին պատանեկան ճամբարի է մասնակցել: 2016-ին Հայաստանի բժշկական համալսարանից հրավիրեցին, իր այս գյուտը, որի համար Նոբելյան մրցանակ ստացավ, դեռ այն ժամանակ ներկայացրեց Հայաստանում, մենք էլ էինք ներկա, շատ լավ ընդունեցին»:

Խոսելով եղբայրների՝ գիտության ճանապարհն ընտրելու մասին, Հուրին ասում է, որ գիտության հանդեպ նրանց սերը դեռեւս դպրոցում է դրսեւորվել, ընտանիքն էլ, բնականաբար, քաջալերել է:

1982-ից Արտեմ Փաթափությանը ղեկավարում է SCRIPPS գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիա»-ն, դասախոս է նույն գիտական հաստատությունում, նաեւ տարբեր ակադեմիաների անդամ է:

Աբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝

Related posts

Leave a Comment